среда, 26 мая 2010 г.

Մատենադարանի նոր մասնաշենքը


Նոր մի բան կառուցելիս ամեն ինչ սկսվում է ֆինանսավորումից` փողից: Ասում են, որ նոր մասնաշենքի կառուցման համար մոսկովյան «Մոնարխ» շինարարական կոնցեռնի ղեկավար Սերգեյ Համբարձումյանը 10 մլն դոլարիի չափով  ներդրում է արել:



Ըստ ճարտարապետի` Արթուր Մեսչյանի, շինարարությունը նախատեսվում է ավարտել երեք տարում, իսկ տրամդրած 10 մլն. դոլարը շինարարության արժեքի մի մասն է:

Մատենադարանի նոր մասնաշենքի նախագիծ արվել էր դեռ 1987-88 թթ. «Հայարդնախագիծ» ինստիտուտի հատուկ ճարտարապետական արվեստանոցում՝ ճարտարապետ Արթուր Մեսչյանի  ղեկավարությամբ: Շինարարությունը սկսվել էր 1988 թ., բայց երկրաշարժից հետո այն ընդհատվել է: 2006թ. Մատենադարանի տնօրինության կողմից կրկին հարց է բարձրացվել` վերսկսելու նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները:
Այսպես` նախագիծը ճանապարհ ընկավ դեպի իրականացում:


Ասեցինք` Մատենադարանը կարևոր խորհրդանիշ է Երևանի քաղաքային և քաղաքաշինական միջավայրում, նաև` երևանցու, հայի պատմական ինքնագիտակցման մասնիկ: Իսկ նորը (տվյալ պարագայում` մասնաշենքը) կարող է դառնալ մեր մշակույթի շարունակականության խորհրդանիշ, որը ձևավորվել է դեռ անհիշելի ժամանակներում, փոխանցվել քրիստոնեական միջնադար` հավելվել և ավանդվել: Այսօր արդեն մենք պետք է որոշենք` դա միայն պատմություն է, թե` մշակույթ: Եթե հնի կողքին կառուցում ենք նոր մասնաշենք, ուրեմն, երևի թե` մշակույթ, որը շարունակվում է և ունի իր այսօրվա` 21րդ դարին հարիր պատկերը: Սրա մասին է, որ նորը (նաև` ճարտարապետությունը) խոսում է` կամա, թե ակամա:

Մատենադարանի նոր մասնաշենքը` ըստ ճարտարապետ Արթուր Մեսչյանի, իր ծավալատարածական լուծումներով, ճակատային նկարվածքով պետք է գլխավոր մասնաշենքի հետ համահունչ լինի: Հին մասնաշենքին ծավալով 4 անգամ գերազանցող նորը պետք է դիտվի որպես դրա «չեզոք շարունակություն»:

Նոր մասնաշենքը կառուցվում է գլխավորի հետնամասում: Միջնադարյան բերդապարսպների կերպարով մշակված հարավային ճակատը միակ դիտվող ճակատն է և երևում է միայն ճարտարագիտական համալսարանի բակից: Մյուս ճակատները հպվում են խիստ ռելիեֆին և այդպիսով թեթևացնում կառույցի դիտվող ծավալը:  Երկրորդ դիտակետը բացվում է դեպի Ազատության պողոտա տանող մայրուղուց, ինչը պահանջում է 5-րդ ճակատի վերածվող տանիքի նախագծմանը առանձնահատուկ ուշադրություն դարձնել:

Ըստ հեղինակի` Մատենադարանի նոր մասնաշենքը պահանջում է սահմանափակել «ճարտարապետական մասնագիտական էգոն» և անկախ ճարտարապետական գայթակղումներից` այն ներդաշնակեցնել ներկա կառույցի կերպարի հետ`կրկնելով արդեն կայացած ճարտարապետական լեզվական առանձնահատկությունները: Այս մոտեցումը պետք է արտահայտվի ինչպես ճակատի նկարվածքի, այնպես էլ ինտերիերների մշակման մեջ` այսպիսով ստեղծելով շարունակական, համահունչ ճարտարապետական միջավայր:


Կառույցի կենտրոնական մասում շեշտված է ճեմասրահների ծավալը, որի շարունակությունն է կազմում 240 տեղանոց բազմաֆունկցիոնալ դահլիճը, գլխավոր աստիճանավանդակը վերելակներով և ընդհանուր սպասարկման սենյակները: Այս ծավալը ճարտարապետական միակ ուղղահայաց շեշտադրումն է, որը տեսողական առումով բազմազանություն է մտցնում հարավային երկարաձիգ ճակատի կոմպոզիցիայի մեջ: Վերին հարկում նախատեսված են` 2 ընդարձակ ընթերցասրահ, «վիրտուալ Մատենադարանի» սրահը, հայագիտական կենտրոնը, գիտ.աշխատողների աշխատասենյակները, ինչպես նաև նոր գրադարանը,, ձեռագրատունը, արխիվը, վերականգննման սենյկաները, համակարգչային սրահները, տպարանը, վարչական և սպասարկման բաժիններ: Այս ամենի կառուցվածքը պետք է համապատասխանի և ապահովի Մատենադարանի բարդ համակարգի բոլոր անհրաժեշտ  պայմաններին տասնամյակների ընթացքում:


Նոր մասնաշենքի շինարարությունը ծրագրի ընդամենը առաջին փուլն է: 2-րդ փուլում գլխավոր մասնաշենքը վերանորոգվելու է և վերածվելու թանգարանային մասնաշենքի` քառապատկելով էքսպոզիցիոն մակերեսները: 3-րդ փուլում բարեկարգվելու է Մատենադարանի տարածքը, վերակառուցվելու է Մաշտոցի պողոտայից մինչև Մատենադարան ձգվող ճանապարհը` նաև տեղադրվելու են վերելակներ, որոնք ապահովվելու են վերին հարթակի կապը ճեմասրահի հետ: 
      
Ընդհանրապես` 21րդ դարը տեխնոկրատ աշխարհ է, բայց միայն ի շնորհիվ բոլոր դարերի կուտակած մտքի և փորձի: Այսինքն`մշակույթը սպասարկում է մեզ, բայց միայն այն դեպքում, երբ այն չի վերածվել ընդամենը ավանդույթի, պատմության, արխիվի:

«21րդ դարը ինժիեներական մտածողության դար է, այսօրվա ճարտարապետությունը դա առաջին հերթին ֆունկցիան է, կոնստրուկտիվ, տեխնոլոգիական կառուցվածքը: Կյանքը գնում է դեպի տեխնիկայի զարգացում, դեպի էներգոռեսուրսների սպառման կրճատում, դեպի էկո-ճարտարապետություն: Բոլորովին նոր ճանապարհներ են բացվում ճարտարապետության առջև: 21րդ դարի ճարտարապետությունը ինժիեներիայի և ճարտարապետական կառուցվածքների ու մտածողության սինթեզ է»: (Արթուր Մեսչյան)


21րդ դարում, թե` երբևիցե որևէ այլ ժամանակաշրջանում, քաղաքը մարդկանց համար ապրելու միջավայր է, իսկ ճարտարապետական կառույցները` ժամանակների և սեփական պատմությունը ներկայացնող, հաստատող խորհրդանիշեր: Այնպես որ` քաղաքի մարդիկ, գուցե և չգիտակցված, զգում են, որ ճարտարապետությունը այսօրվա «ներդրումները», կատարվածը և չկատարվածը արժևորելու ու պատկերելու և  նաև կանխատեսելու կոչում ու հատկություն ունի: Ճարտարապետությունը ամենաընդհանրացված ու ծավալուն ձևով է պատկերում մշակույթի իրավիճակը, շարունակականությունը և նաև` զարգացման միտումը:


Մենք դա զգում ենք: Իսկ Մատենադարանը, թերևս, մեր ազգային և պատմական ինքնագիտակցման ամենաամբոջական կրող ու արժեվորող խորհրդանիշն է: Նաև` ներկա իրավիճակի: Այնպես որ` ուզենք, թե չուզենք, գիտակցենք, թե` ոչ, Մատենադարանի նոր մասնաշենքը որպես ճարտարապետական և պետական, ինչու չէ` նաև ազգային նախագիծ, պատկերավոր խոսելու է առաջին հերթին մեր այդքան «փայփայած» և «յուրացրած» մշակույթի շարունակականության մասին, կամ էլ` հակառակը: 
   

0 մեկնաբան.:

Отправить комментарий